Ավ․ Իսահակյան Կյանքից թանկ բանը

  • Ընտրի՛ր,  Ավ. Իսահակյանի առակներից մեկը կամ երկուսը, կարդա՛:

ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԲԱՆԸ

Վայրի աղավնին`
կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր.
Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
է՛ն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
-Է՛ն թանկագինը` կյանքն է, անպատճառ.
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից աո:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:

-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս… ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,— թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
-Թռի՛ր ու ասա ստրուկ աշխարքին,
Թե ի՛նչն է թանկը կյանքից ավելի…
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *